Ցերցիս եվրոպական
Ծառ է՝ 7-15 մ բարձրությամբ, վրանաձև կամ գնդաձև սաղարթով, հաճախ ծռմռված բնով, ծածկված համարյա սև, խոր ճաքճքված կեղևով։ Տերևները կլորավուն են, խոր սրտանման հիմքով, 7-13 սմ տրամագծով, մինչև 4 սմ երկարությամբ կոթունով, վերևի կողմից՝ անփայլ կանաչ, ներքևից՝ կապտավուն։ Ծաղիկները հավաքված են փնջերում, 3-6-ական, տերևածոցերում, բազմամյա ճյուղերի և նույնիսկ բնի վրա (կաուլիֆլորիայի երևույթ)։ Բաժակը վարդագույն է, պսակի տրամագիծը՝ 2 սմ, պսակաթերթիկները կապտակարմրավուն կամ վարդագույն են, առագաստը կարճ է թևերից և նավակից, հիմքում խիստ սեղմված, սպին գլխիկավոր է։ Ունդերն ունեն 7-10 սմ երկարություն և 1,5 սմ լայնություն, տափակ են, շատ նեղ թևիկով (մեջքի կարի ուղղությամբ), 10-14 սերմերով, որոնք կլորաձվաձև են, հարթ, անփայլ, մուգ դարչնագույն։ Ծաղկում է բավականին առատ, ապրիլի վերջին և մայիսի առաջին կեսի ընթացքում՝ մինչև տերևների բացվելը, պտուղները հասունանում են սեպտեմբերին։
Հայկական մուֆլոնը ՝սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, որպես “Վտանգված”:
Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ: Արուները օժտված են խոշոր շրջանաձև եղջյուրներով։ Մաքիները հիմնականում անեղջյուր են։ Մուֆլնոի մազածածկը բաց շագանակագույն է, կոպիտ և կարճ: Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ապրում են 12-14 տարի։
Հայկական մուֆլոնը տարածված է Նախիջևանում, Հայաստանում և Հյուսիսարևմտյան Իրանում` մինչև Ուրմիա լիճը: Ապրում է լեռնային չոր տափաստաններում, չորասեր բուսականության առկայությամբ, ենթալպիան և ալպիական մարգագետիններում։ ուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը՝ դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ:
Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250–300 առանձնյակները: Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում:
Հայկական մուֆլոնի վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:
Կանաչ մեղվակերը՝ մեղվակերների ընտանիքին պատկանող թռչուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, որպես “Խոցելի”:
Թռչնի մարմնի երկարությունը 27-31 սմ է, փետրածածկը հիմնականում կանաչ է, պոչի կենտրոնական փետուրները՝ երկար։ Երիտասարդն ավելի խամրած է, փետուրների ծայրերը՝ բաց գույնի, պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։
Կանաչ մեղվակերը բնակվում է կիսաանապատային դարափնյաներում կամ բլրոտ տեղամասերում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։ Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է: Միակ բնադրագաղութը Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գյուղերի ծայրամասերում է՝ Արաքս գետի ձկնաբուծական տնտեսությունների տարածքում։
Հազվագյուտ են բնադրվում, բայց բնադրվելուց փորում են 0,3–0,8 մ խորությամբ բներ դարափին, բլուրներում: Դնում են 5–6 ձու և թուխսը տևում է մոտ 20 օր:
Հիմնական սննունդը բաղկացած է մեղուներից և քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից: Այս թռչնատեսակի պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում։