Արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում աղմուկը դարձել է շրջակա միջավայրի լուրջ բացասական գործոններից մեկը։ Քաղաքների աճը, տրանսպորտի, արդյունաբերության բուռն զարգացումը, արտադրության մեջ և կենցաղում տեխնիկայի (հզոր շարժիչներ, էներգասարքավորումներ, ճնշակներ, ռադիո, հեռուստատեսություն, տարբեր սարքեր և այլն) ներդրումն ուղեկցվում են աղմուկի աղբյուրների ավելացմամբ։ Քաղաքում աղմուկի հիմնական աղբյուրը տրանսպորտն է (ավտոմոբիլային, ռելսային, օդային և այլն)։ Աղմուկի վնասակար ազդեցությունը մեծանում է, երբ այն ազդում է այլ բացասական գործոնների (թրթռում, փոշի, գազեր) հետ։ Որոշ խոշոր քաղաքներում աղմուկի մակարդակը հասել է արդյունաբերական աղմուկի ուժգնությանը (80-100 դբ)։ Մարդկանց առողջության վրա աղմուկիի ունեցած վնասակար ազդեցության դեմ պայքարը դարձել է միջազգային խնդիր։ Ներկայումս աղմուկը համարվում է բարձր հիվանդացություն առաջացնող գործոններից մեկը։
