…ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ
…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:
Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:
Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:
Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Բանաստեղծը այստեղ անդրադառնում է կյանքի արժեքին և կարծես թե կասածի տակ է դնում ամենը ։ Նկարագրում է տառապանքները, որոնց միջով նա անցել է։ Իսկ վերջին տանը ասում է, թե այդ ամենը միևնույն է նրան ոչինչ չեն տվել և էլի հրեկտորական հարց է տալիս ընթերցողին միթե այդ ամենը իմաստ ուներ, այդ թվում նաև աշխարհ գալը։
ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ
Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել,—
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:
Այստեղ նկարագրվում է մարդու բազմակողմանի լինելը։ Ամեն մարդ կարող է իր կյանքի ընթացքում լինել իշխանից մինչև հովիվ, կամ հնձած հանդից մինչ զարդարված անտառ։ Ամեն պաշտոնում կարծես եղել է հեղինակը, բայց ամեն ինչ խորդուբորդ է եղել․ համենայն դեպս նա գտել է ոսկե միջինը և իր երազած կյանքը ապրել։

ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Հերքել եմ արդեն
Ես անդարձության օրենքն անողոք:
Մի քանի անգամ գնացել-եկել,
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Ամենավերջին վերջինն եմ եղել
Եվ սպասում եմ վերջնական վերջին:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Տեսել եմ արդեն հավիտենության
Ամենավերջին ակնթարթը ես,
Որից դենը դեռ
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեո
Կա մի անվախճան անսահմանություն:
Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
Ամենավերջին հավիտենության
Ամենավերջին ժամի ժամանակ,
Ամենավերջին անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
— Խփիր, այս պահի կենացը խմենք,
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:
Հեղինակը նկարագրում է իր բուռն կյանքը, որի ընթացքոմ ամեն ինչ հասել է ծայրահեղությանը, սակայն մահը չի մոտեցել և կյանքը շարունակվել է։ Վերնագիրը արդեն իսկ խոսուն է, որը իրենից ներկայացնում է ապրել ներկայով, իսկ վերջին տողերում ամփոփվում է միտքը ասեվով, որ հենց հիմա պետք է գործենք, քանի որ հաջորդ վայրկյանը նույնիսկ մեր ձեռքերում չէ։
