Ընդհանուր տեղեկություններ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության նպատակն է պահպանել խաղաղություն և անվտանգություն՝ կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը։
1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը` Սահմանադրությունը (Կանոնադրությունը), որն ուժի մեջ է մտել 1946 թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։
Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը: Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին: ՀՀ վարչապետի որոշմամբ 2015 թ. հունվարի 29-ի հաստատվել են Հանձնաժողովի ներկայիս կանոնադրությունը և կազմը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:
Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ հայտերով`
- «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996 թ., 2000 թ.),
- «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000 թ.),
- «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000 թ.):
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ տարրերով`
- «Դուդուկի երաժշտությունը» (2008 թ.),
- «Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010 թ.),
- «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.),
- «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.)
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի «Աշխարհի հիշողություն» ծրագիր, որի նպատակն է պահպանել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուները և նպաստել դրանց լայն տարածմանը: Ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Ռեգիստրում իրենց տեղն են գտել հայկական երեք ժառանգության նմուշներ.
- Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածու (1997 թ.),
- Բյուրականի առաջին ուսումնասիրություն կամ Աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրություն (2011 թ.),
- Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածու (2013 թ.):
