Աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը՝ շուրջ 150 մլն. երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել․ սա փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկը։ Երևույթը, որը «բուլինգ» անունն ունի, Հայաստանում ևս տարածված, սակայն չուսումնասիրված խնդիր է։
Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում:
Վիճակագրություն այն մասին, թե դպրոցում տարեկան քանի երեխա է հասակակցի կողմից բռնության ենթարկվում, Հայաստանում չկա։ Թեպետ խնդիրն առկա է, բայց այն հաճախ չի դիտարկվում որպես խնդիր, համարվում է «բնականոն, նորմալ երևույթ», այդ պատճառով էլ հետազոտությունները, որոնք կչափեն բուլինգի տարածվածությունը, բացակայում են։
Կան բուլինգի տարբեր տեսակներ․
- ֆիզիկական՝ հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, միտումնավոր կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը,
- բանավոր՝ ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել,
- հոգեբանական կամ սոցիալական՝ դիտավորյալ խմբից վտարել, չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել,
- սեռական՝ հպումեր, հարձակումներ, բռնի գործողություններ և այլն,
- կիբեր՝ նվաստացումներ կամ կիբերսադրանք՝ տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:
Հայաստանում բուլինգի դրսևորման հիմքում ընկած է կարծրատիպային մտածելակերպը, իրենցից տարբերվողների նկատմամբ անհանդուրժողականությունը, յուրահատուկ արտաքին տեսքը, այսպես կոչված «կանոններից» շեղումը, սեռական կողմնորոշումը, ընտանիքի սոցիալական ծանր պայմանները, իրավագիտակցության ցածր մակարդակը և այլն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը քաջալերում է ողջ աշխարհի երիտասարդներին՝ բարձրաձայնել դպրոցներում և դրանց շուրջ կատարվող բռնության մասին՝ բռնությանը վերջ դնելու նպատակով և մեզ պատմելու, թե ինչպես են իրենք միասին աշխատում և ինչ լուծումներ են առաջարկում բռնությունը դպրոցից մեկընդմիշտ վերացնելու համար: Ավելին՝ https://uni.cf/end-violence
