Հ ո դ վ ա ծ 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:
Հ ո դ վ ա ծ 2
1. Մասնակից պետությունները հարգում և ապահովում են սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները՝ իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար, առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից կամ պատժից՝ նրա ծնողների կամ օրինական խնամակալների կամ ընտանիքի այլ անդամների կարգավիճակի, գործունեության, արտահայտած հայացքների կամ համոզմունքի հիմքով:
Հ ո դ վ ա ծ 3
1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
3. Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես, անվտանգության և առողջապահության բնագավառներում դրանց թվաքանակի և անձնակազմի պիտանիության, ինչպես նաև իրավասու հսկողություն սահմանելու իմաստով:
Հ ո դ վ ա ծ 4
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցները՝ սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ մասնակից պետություններն այդպիսի միջոցներ ձեռնարկում են իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում:
Հ ո դ վ ա ծ 5
Մասնակից պետությունները հարգում են ծնողների, համապատասխան դեպքերում նաև տեղական սովորություններով նախատեսված ընդլայնված ընտանիքի կամ համայնքի անդամների, խնամակալների կամ երեխայի համար օրենքով պատասխանատու այլ անձանց պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները՝ երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային՝ նրա կողմից սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:
Հ ո դ վ ա ծ 6
1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:
2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:
Հ ո դ վ ա ծ 7
1. Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
2. Մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա:
Հ ո դ վ ա ծ 8
1. Մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով՝ առանց անօրինական միջամտության, հարգել երեխայի իրավունքը՝ պահպանելու իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը:
2. Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 9
1. Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել քննությանը և ներկայացնել իրենց տեսակետները:
3. Մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը՝ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:
4. Այն դեպքերում, երբ այդպիսի բաժանումը հետևանք է մասնակից պետության որևէ գործողության, ինչպիսին է մեկ կամ երկու ծնողների կամ երեխայի կալանքը, ազատազրկումը, աքսորը, տեղահանությունը կամ մահը (ներառյալ տվյալ անձի՝ պետության վերահսկողության տակ գտնվելու ժամանակ ցանկացած պատճառով վրա հասած մահը), այդ մասնակից պետությունը ծնողներին, երեխային, կամ, եթե դա անհրաժեշտ է, ընտանիքի այլ անդամին, նրանց խնդրանքով տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ ընտանիքի բացակա անդամի (անդամների) գտնվելու վայրի վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվությունը վնաս չի հասցնում երեխայի բարեկեցությանը: Մասնակից պետությունները հետագայում ապահովում են, որպեսզի այդպիսի խնդրանքով դիմելն ինքնըստինքյան չհանգեցնի անբարենպաստ հետևանքների համապատասխան անձի (անձանց) համար:
Հ ո դ վ ա ծ 10
1. 9-րդ հոդվածի 1-ին կետով մասնակից պետությունների ստանձնած պարտավորության համաձայն, ընտանիքի վերամիավորման նպատակով երեխայի կամ նրա ծնողների դիմումները մասնակից պետություն ժամանելու կամ այնտեղից մեկնելու մասին մասնակից պետությունների կողմից պետք է քննարկվեն դրական, մարդասիրական և արագ կարգով: Մասնակից պետությունն այնուհետև ապահովում է, որպեսզի այդպիսի խնդրանքով դիմելը դիմողի և նրա ընտանիքի անդամների համար չհանգեցնի անբարենպաստ հետևանքների:
2. Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքների, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով և համաձայն 9-րդ հոդվածի 1-ին կետի, մասնակից պետությունների ստանձնած պարտավորության, մասնակից պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու՝ երեխայի և նրա ծնողների իրավունքը: Ցանկացած երկրից հեռանալու իրավունքը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի (ordre pսblic), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար և համատեղելի են սույն Կոնվենցիայով ճանաչված այլ իրավունքների հետ: