Իսլամը միաստվածային կրոն է, որի համաձայն կա միայն մեկ աստված ՝ Ալլահը։ Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է՝ 1.8 միլիարդ հետևորդ կամ աշխարհի բնակչության 24%-ը: Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրաննէ: Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է «Ալլահին (Աստծոն) անձնատուր լինել»: Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Իսլամի հետևորդներին անվանում են մուսուլմաններ:
Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Ղուրան – իսլամի սուրբ գիրքն է: Ըստ իսլամի ուսմունքի, Ղուրանը ուղիղ, հավերժական և իրական Աստծո խոսքն է: Ղուրանը ուղարկվել է Աստծո կողմից յոթերորդ երկինք, և ապա՝ հրեշտակ Ջիբրիլը մաս-մաս փոխանցեց այն Մոհամմեդ մարգարեին ավելի քան 23 տարիների ընթացքում:
Արգելված է նամազ անել ճիշտ կեսօրին, նաև արևածագի ու մայրամուտի ժամանակ: Յուրաքանչյուր մուսուլման, բացի պարտադիր աղոթքներից, կարող է իրականացնել նաև ցանկացած քանակությամբ ինքնակամ աղոթքներ: Բացի ծիսական աղոթքներից, մուսուլմանն ունի նաև Աստծուն անմիջապես դիմելու հնարավորություն, սովորական աղոթքի միջոցով, որը կոչվում է Դոա: Այն կարող է իրականացվել ցանկացած ժամանակ և ցանկացած լեզվով:
